Սեպտեմբերի 17, 2019, Երևան – Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիան հերքում է analitik.am կայքի հոդվածում տեղ գտած
տեղեկությունները «ռեկտորի հովանու ներքո սատանիստական աղանդի
ներկայացուցիչների մասնակցությամբ» տեղի ունեցած «փակ խնջույք»-ի մասին:


Հոդվածը որակելով որպես ապատեղեկատվություն և սադրանք, ԵՊԿ-ի
ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը դրանում տեսնում է միտումնավոր վարք՝
ուղղված իր անձի վարկաբեկմանը: Հոդվածում ներկայացված փաստերը
խեղաթյուրված են և դրանց «սատանիստական» կամ «ԼԳԲՏ» որակումը չի
համապատասխանում իրականությանը», բացատրում է Հովհաննիսյանը:


Հոդվածը վերաբերում է ս.թ. սեպտեմբերի 14-ին Ad libitum ազատ
արվեստակիրների ուսանողական-մշակութային նախաձեռնության՝ ի դեմս
հիմնադիր Հայկ Մակիյանի կողմից ԵՊԿ-ի նկուղային տարածքում կազմակերպած
միջոցառմանը, որը ռեկտորի հրահանգով վաղաժամկետ կասեցվել է միջոցառման
որոշ մասնակիցների ԵՊԿ-ի ոգուն ոչ հարիր վարքագծի պատճառով:

Տարածքը տրամադրվել է ռեկտոր Հովհաննիսյանի բանավոր
համաձայնությամբ՝ հաշվի առնելով ուսանողական-մշակութային նախաձեռնության
նախկինում կազմակերպած ավելին քան 30 հաջող բուհական և միջբուհական
գեղարվեստական միջոցառումների և թեյախմությունների փաստը: