Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի հարևանությամբ Սայաթ-Նովա 1ա հասցեում:

Ներկայումս ԵՊԿ-ի տարբեր բաժիններում սովորում է ավելի քան 1000 ուսանող, այդ թվում 124 օտարերկրացի:

Անգնահատելի է կոնսերվատորիայի դերը հանրապետությունում ազգային երաժշտական պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման գործում` կատարողների, կոմպոզիտորների, երաժշտագետների, երաժշտական խմբերի ղեկավարների, մշակութային կյանքի կազմակերպիչների և ուրիշների:

Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի  երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի Մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:

Այսօր, ընդլայնելով իր կապերը դեպի Արևմուտք և Արևելք, կոնսերվատորիան ընթանում է համաշխարհային երաժշտակրթական համակարգում ինտեգրվելու ուղիով: Երևանի կոնսերվատորիան համաշխարհային հանրության առջև ներկայանում է որպես սեփական դեմք, սեփական ազգային ձեռագիր ունեցող հայկական ազգային երաժշտական բուհ, որը հայ երաժշտության և ընդհանուր առմամբ հայկական մշակույթի հետ կապված յուրահատուկ ստեղծագործական խնդիրներ է լուծում:

Կոնսերվատորիան ունի հարմարավետ լսարաններ, կաբինետներ, դասարաններ, (այդ թվում նաև երգեհոնային 2 մասնագիտացված դասարան), գրադարան և ընթերցասրահ, ձայնադարան և տեսադարան, իր տեսակի մեջ եզակի՝ Ակուստիկ լաբորատորիա, համալրված նորագույն սարքավորումներով, երաժշտական գործիքների արհեստանոց, բուժկետ, բուֆետ և այլն:

ԵՊԿ-ն ունի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ, կամերային, փողային և ժողովրդական գործիքների նվագախմբեր, երգչախմբեր:

ԵՊԿ-ի մասնաշենքերից մեկում գտնվում է Օպերային ստուդիան, որը կրում է Ղ. Սարյանի անունը: 275 տեղանոց Մեծ դահլիճի բեմահարթակում ուսանողների մասնակցությամբ բեմադրվում են օպերային ներկայացումներ և օպերային տեսարանների համերգային կատարումներ: 

Կոնսերվատորիան ունի նաև փոքր  համերգային դահլիճներ: Դրանք նախատեսված են ակադեմիական երեկոների, մենահամերգների, դասարանական, ֆակուլտետային և հոբելյանական համերգների, Գիտխորհրդի, Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) տարեկան նիստերի, ներբուհական և միջազգային գիտաժողովների ու հանդիպումների անցկացման համար: Այս դահլիճներում պարբերաբար վարպետաց դասեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեծանուն երաժիշտներ:

Ուսանողական խորհուրդը ԵՊԿ-ի ուսանողական ինքնիշխան մարմինն է, որն ընդգրկում է կոնսերվատորիայի ողջ ուսանողության ներկայացուցիչներին: Խորհուրդը պաշտպանում է ուսանողների շահերը, օգնում լուծել սոցիալական և կենցաղային խնդիրները, կազմակերպում նրանց ազատ ժամանցը, միջնորդում է ուսման վարձի մասնակի զեղչման հարցում: Ընտրովի հիմունքներով` ուսանողությունն իր ներկայացուցչությունն է ապահովում Կառավարման խորհրդում, Գիտխորհրդում, փոքր խորհուրդներում և Ռեկտորատում: 

ԵՊԿ-ի արտասահմանյան ուսանողների բաժինը գործում է 1950-ականներից: Այստեղ սովորել և սովորում են նախկին Խորհրդային Միության և հարևան երկրների քաղաքացիներ (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքմենստան, Էստոնիա, Աբխազիա, Իրան), նաև ուսանողներ Չինաստանից, Ճապոնիայից, Վիետնամից, Մոնղոլիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Յեմենից, Ալժիրից, Եթովպիայից, Եգիպտոսից և Օմանից:

ԵՊԿ-ի հեղինակությունը խթանում է նաև եվրոպացի երիտասարդ երաժիշտներին, ովքեր Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից գալիս են սովորելու Հայաստան: ԵՊԿ-ում իրենց բարձրագույն երաժշտական կրթությունն են ստանում նաև Ամերիկյան մայրցամաքի տարբեր երկրների երիտասարդներ` ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Վենեսուելա, Արգենտինա, Կոլումբիա, Ուրուգվայ:

Կոնսերվատորիայի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված արտերկրի հայաբնակ կենտրոնների և ընդհանրապես հայկական սփյուռքի հետ կապերին:

ԵՊԿ-ի արտերկրյա շատ շրջանավարտներ մեծ ներդրում ունեն իրենց երկրների ստեղծագործական, կատարողական, գիտական և մանկավարժական ոլորտներում: Մասնավորապես ասիացի և աֆրիկացի երաժիշտներից շատերը  դարձան իրենց երկրներում առաջին ազգային օպերաների, սիմֆոնիկ ստեղծագործությունների, երաժշտատեսական դասագրքերի և տարբեր ձեռնարկների հեղինակներ: 

Կոնսերվատորիայում սովորող օտարերկրյա ուսանողները երաժշտություն ուսումնասիրելու հետ մեկտեղ ճանաչում են Հայաստանը` աշխարհի հնագույն երկրներից մեկը, հայ ժողովրդի բազմադարյա մշակույթը, ծանոթանում մայրաքաղաք Երևանին, որը հիմնադրվել է Ք.Ա 782 թ., և հավերժական քաղաք Հռոմից 29 տարով մեծ է, ուսումնասիրում նաև հայոց լեզուն, սովորում 1600 տարվա պատմություն ունեցող այբուբենը:
Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիան այդ հնագույն երկրի հոգևոր և մշակույթի կարևորագույն օջախներից է: Երկիր, որը Ռոմեն Ռոլանը ժամանակին համեմատել է Իտալիայի հետ, իսկ ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթն ասել է. «Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել ավելի շատ հրաշքներ, ես կպատասխանեի` Հայաստանում»:

Բարի գալուստ Երևան:

Բարի գալուստ մոտ մեկդարյա պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: