Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ., սկզբում որպես երաժշտական ստուդիա, իսկ երկու տարի անց, 1923-ին, դարձել բարձրագույն երաժշտական կրթական հաստատություն՝ կոնսերվատորիա։ Սա առաջին նման կրթօջախն էր Հայաստանում, որի ստեղծման համար առկա էին բոլոր նախադրյալները։

Հայ ժողովուրդն ուներ բազմադարյա հարուստ ու բազմաժանր հոգևոր, ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ արվեստի ավանդույթ։ 19-րդ դարի կեսերից ձևավորվեց նաև ազգային պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցը, որը ներկայացնում էին այնպիսի ականավոր հայ արվեստագետներ, ինչպիսիք էին Կոմիտասը, Տ.Չուխաջյանը, Ք.Կարա-Մուրզան, Մ.Եկմալյանը, Ա.Տիգրանյանը, Ալ.Սպենդիարյանը և ուրիշներ։ Նրանց գործունեությունը հիմնականում ծավալվում էր Հայաստանի սահմաններից դուրս (Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում)։ Սակայն հենց նրանց գործունեությունը նպաստեց առաջին հայկական ազգային օպերայի (Տ.Չուխաջյանի «Արշակ Բ», 1868), օպերետի, պատարագի, սիմֆոնիկ ստեղծագործությունների, դասական անսամբլների, ռոմանսների ստեղծմանը։ Այդ ականավոր գործիչներից շատերը փափագում էին ստեղծել ազգային երաժշտանոց։ Կոմիտասը մշակել էր նաև այդ համակարգի ուսումնական ծրագրերը։ Բայց տարածաշրջանի անկայուն պատմաքաղաքական իրավիճակի պատճառով դրա իրականացումն անհնար էր։

20-րդ դարասկզբին ձևավորվեց նաև հայկական պրոֆեսիոնալ կատարողական դպրոցը։ Այն ներկայացնում էին ռուսական և եվրոպական կոնսերվատորիաների շրջանավարտները՝ ջութակահար Հ.Նալբանդյանը (Պետերբուրգի կոնսերվատորիա և Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոց), երգչուհի Մ.Ակիմովան (Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներ), երաժշտագետ Մ.Աղայանը (Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներ), երգիչ Ա.Շահմուրադյանը (Փարիզի կոնսերվատորիա) և ուրիշներ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիները համընկան ազգային մասնագիտացված մշակույթի ձևավորման ժամանակահատվածին։ Երկար սպասված պետականությունը ձեռք բերած Հայաստանում նորաստեղծ կոնսերվատորիային վիճակված էր դառնալ երաժշտական պրոֆեսիոնալիզմի միակ օջախը և իր վրա վերցնել ամեն ինչի պատասխանատվությունը։ Առաջին հերթին՝ հեղաշրջում կատարել բավական խայտաբղետ իրականության գիտակցության  մեջ՝ վճռականորեն ուղղորդվելով մշակութային զարգացման եվրոպական մոդելով։ Դրա հետ մեկտեղ, չէր բացառվում աշխարհագրական իմաստով այնքան մոտ (և այնքան շոշափելի) Արևելքի ինքնատիպ մշակույթը ստեղծագործաբար յուրացնելու անհրաժեշտությունը։ Հայաստանում այդ հզոր և դեռևս չուսումնասիրված շերտը սպասում էր գիտական և գործնական ուսունասիրության ծանրակշիռ խոսքին։

Հայաստանի երաժշտական մշակույթի զարգացման համար բացառիկ բարեբեր եղավ եվրոպական պրոֆեսիոնալ ավանդույթն՝ իր բազմաձայնությամբ, գործիքների բազմազանությամբ, ժանրերի առատությամբ, թատերական և համերգային կյանքի կայունացած ձևերով, երաժշտակրթական համակարգով և այլն: Էլ չենք խոսում եվրոպական կոմպոզիտորական արվեստի հիրավի անսպառ հնարավորությունների մասին, որոնք այն ժամանակվա Հայաստանում բացարձակապես անհայտ էին:

Բազմադարյա մշակութային մեկուսացման հետևանքների վերացումն իրականացվեց աներևակայելի կարճ ժամանակահատվածում՝ անհագ կլանելով և յուրացնելով համաշխարհային մշակույթի նվաճումները: Կոնսերվատորիայի դերն այդ գործընթացում շատ ավելի նշանակալի եղավ, քան կարող էին պատկերացնել նրա հիմնադիրներն իրենց ամենահամարձակ ռոմանտիկական պատկերացումներում:

Հանրապետությունում մասնագետ երաժիշտների բացակայության պատճառով կոնսերվատորիայի գործունեությունն իրականացվում էր դրսից հրավիրված մասնագետների ուժերով։ Մանկավարժներն ու նրանց սաները շուտափույթ լծվեցին հանրապետության երաժշտական կյանքի նպատակասլաց զարգացման գործին:

Երևանի կոնսերվատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարը դարձավ բազմակողմանի զարգացած երաժիշտ, կոմպոզիտոր և խմբավար Ռոմանոս Մելիքյանը (1883-1935), որը սովորել էր Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներում: Նա կարողացավ առաջին իսկ օրերից ճիշտ կողմնորոշել մանկավարժական կոլեկտիվին բարձրորակ երաժիշտներ պատրաստելու գործում: Դասախոսական առաջին կազմը համալրված էր Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն կոնսերվատորիաներում կրթություն ստացած փայլուն պրոֆեսիոնալ երաժիշտներով: Նշենք նրանցից մի քանիսի անունները՝ դաշնակահարներ Ա.Մնացականյան, Ի.Մադաթյան, Ե.Խոսրովյան, Ե.Խանկալամյան, ջութակահարներ Ա.Գաբրիելյան, Դ.Սողոմոնյան, Գ.Միրզա-Ավագյան, նաև Ա.Կոտլյարևսկի և Ա.Ավագյան (ալտ, ջութակ և կամերային անսամբլ), Վ.Շպեռլինգ (փողային գործիքներ և նվագախումբ) և ուրիշներ: Իրենց մանկավարժական աշխատանքում նրանք կիրառեցին ամենաառաջատար և ամենաժամանակակից դասավանդման մեթոդները:

Ստուդիայի ստեղծումից արդեն մեկ տարի անց Հայաստանն ուներ մշտական գործող ուսումնական երգչախումբ և դասախոսների լարային քառյակ, չորս տարի անց՝ ուսանողականբ սիմֆոնիկ նվագախումբ, դասախոսների մասնակցությամբ, վեց տարի անց՝ օպերային դասարան, տասնմեկ տարի անց՝ օպերային թատրոն (բոլորը կոնսերվատորիայի հիմքի վրա): Արդեն 1950-ականների սահմանագծին Երևանի կոնսերվատորիան իր արժանի դիրքը գրավեց ԽՍՀՄ առաջատար բուհերի շարքում:

ԵՊԿ-ի հաջորդ տարիների ղեկավարները՝ հայ երաժշտական մշակույթի ականավոր դեմքերը շարունակեցին և զարգացրեցին Ռ.Մելիքյանի ավանդույթները: Նրանց շարքերում էին դիրիժոր Կ.Սարաջևը (1877-1954), երաժշտագետներ Ա.Ադամյանը (1884-1956), Ս.Գասպարյանը (1909-1974), կոմպոզիտորներ Ս.Մելիքյանը (1880-1933), Ա.Տեր-Ղևոնդյանը (1887-1961), Վ.Սամվելյանը (1901-1956), Գ.Եղիազարյանը (1908-1988), Ղ.Սարյան (1920-1998), Է.Հովհաննիսյանը (1930-1998), Տ.Մանսուրյանը (1939), Ա.Սմբատյանը (1954), դաշնակահար Ս.Սարաջյանը (1945), ջութակահար Շահեն շահինյանը (1963):

Այսօր ԵՊԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է լավագույն մասնագետներով՝ կոմպոզիտորներով, երաժշտագետներով, կատարողներով: Նրանցից շատերը միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներ են: Շուրջ 150 պրոֆեսոր (նրանց թվում արվեստագիտության դոկտորներ, թեկնածուներ), դոցենտներ, դասախոսներ և ասիստենտներ, որոնցից շատերը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Նման պատվավոր կոչումների են արժանացել նաև կոնսերվատորիայի ուսանողներից շատերը:

Երևանի կոնսերվատորիայի նվաճումների գրավականը նրա տաղանդավոր անձնակազմի 90-ամյա աշխատանքն է, անձնակազմ, որը քաջատեղյակ է բուհի պատմությանը, իրազեկ է ներկային, գիտակցված և իմաստավորված կերտում է վաղվա հեռանկարները: Կոնսերվատորիան իր վաղվա օրը տեսնում է միջազգային մշակութային հանրության շրջանակներում ազգային ավանդույթների ու արժեհամակարգի և համաշխարհային մշակութային փորձի ներդաշնակ միահյուսման և սինթեզի մեջ: