Սերգեյ Ումրոյան
Տնօրեն
ԵՊԿ Կառավարման խորհրդի հիմնական առաքելությունն է երաժշտական Մայր բուհում հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ստեղծագործ ծրագրերի հաստատումը, դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների կարգավորումն ու ռեկտորի ընտրության պատասխանատու գործընթացի ապահովումը։
Օժտված երաժիշտների մասնագիտական առաջընթացի ապահովման, շարունակական կատարելագործման, ինչպես նաև հայ երաժշտարվեստին ծառայելու կոմիտասյան պատգամները կյանքի կոչող ձեռնարկումներով և տարաբնույթ օժանդակության խնդիրներով, խորհուրդն առաջնորդվում է կառավարման էթիկայի բարձր չափանիշներով։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ձայնագրման ստուդիա է, որտեղ ամեն տարի ձայնագրվում և ձայնասկավառակների տեսքով արխիվավորում են տարվա լավագույն ուսանողների կատարումները և ստեղծագործությունները։Ակուստիկ լաբորատորիան նաև նախաձեռնողական հարթակ է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ երաժշտական միջոցառումների, այդ թվում՝ վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և երաժշտական փորձերի համար: Լաբորատորիայի նպատակն է բուհի կրթական ծրագրերում ինտեգրել ժամանակակից տեխնիկական մոտեցումները և ուսանողներին, բայց նաև պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն ընձեռել դրսևորվել ոչ ակադեմիական, փորձարարական միջավայրում։Այն բաց հարթակ է նաև արտակոնսերվատորիական երաժշտական համագործակցությունների համար ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»-ն ստեղծվել է 2018 թվականին Համաշխարհային բանկի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի դրամաշնորհային ծրագրով:Լաբորատորիան նպատակ ունի շարունակաբար արդիականացնել Կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացն ու բարելավել դրա որակը՝ նորարակական տեխնոլոգիաների գործուն ներդրմամբ:Այն համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների հետագա զարգացմանը:Լինելով իր ոճի մեջ միակը տարածաշրջանում, տարիների ընթացքում լաբորատորիան հյուրընկալել է բազմաթիվ անվանի տեղացի և միջազգային կատարողների և երաժշտագետների, այդ թվում՝ թավջութակահար Միքայել Հախնազարյանին, բելգիացի երգահան Կլոդ Լըդուին և ֆրանսիացի երգահան Բրունո Մանտովանիին:Ակուստիկ լաբորատորիայում են անցկացվել նաև 2019 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված Երաժշտական փառատոնի (Fête de la Musique 2019) շրջանակներում Հայաստանում գտնվող Դան Ղարիբյան տրիոյի վարպետության դասը և ԵՊԿ Ուսանողական Շտաբի «Երաժշտական Շաբաթ Կոնսերվատորիայում 2021» (Music Week in YSC 2021) փառատոնը: