pages-headerՊատմություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է
1921 թվականին՝ նախ՝ որպես երաժշտական ստուդիա, այնուհետ՝
1923-ից՝ դարձել լիիրավ երաժշտական բարձրագույն կրթական հաստատություն։

Կոնսերվատորիայի հիմնադիր ռեկտորն էր կոմպոզիտոր
Ռոմանոս Մելիքյանը (1883-1935)։

Այդ տարիներին Հայաստանը փորձում էր ոտքի կանգնել հերթական բեկումնային պատմական իրադարձություններից հետո, որոնց գագաթնակետն էր նոր անկախության կորուստն ու երկրի խորհրդայնացումը։

Մեծն Կոմիտաս վարդապետի՝ երաժշտանոց, կոնսերվատորիա ունենալու երազանքին վիճակված էր իրականություն դառնալ երկրի համար ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Տարիներ անց՝ 1946-ին բարձրագույն երաժշտական հաստատությանը շնորհվեց հայ մեծ դասականի անունը։

Այս ժամանակ արդեն ձևավորված էր հայ կոմպոզիտորական դպրոցը։

Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, արևելյան և արևմտյան Հայաստանում, քայլ առ քայլ, իրենց բազմաշերտ գործունեությամբ հայ կոմպոզիտորական ավանդույթներն էին հիմնել և զարգացրել Տիգրան Չուխաճյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Նիկողայոս Տիգրանյանը, նրանց ձեռքբերումներն ամբողջացնող և բյուրեղացնող՝ Կոմիտասը։

Կոմպոզիտորական և կատարողական արվեստի զարգացումն իրականացվեց տեղի և հրավիրյալ մասնագետների համատեղ գործունեությամբ։

Միհրան Երկաթ - Արշակի արիոզոն
Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից, 1982թ.
Բուհի պատմության առաջին իսկ տարիներն արդեն լեցուն էին նշանակալի իրադարձություններով։ Այսպես, 1924-ին հիմնվեց Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, և 1925 թվականին, Արշակ Ադամյանի ղեկավարությամբ կայացավ առաջին սիմֆոնիկ համերգը։
Conservatory-History
Նույն՝ 1924 թվականից սկսվեց կվարտետային արվեստի զարգացումը։ Ակադեմիական երաժշտարվեստին զուգընթաց զարգացում էր ապրում ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտությունը։ Կոնսերվատորիականները համերգային ելույթներով հանդես էին գալիս ոչ միայն Հայաստանում և ԽՍՀՄ երկրների բեմերում, այլև Եվրոպայում։
1927 թվականը Կոնսերվատորիայի պատմության մեջ նշանավորվեց Օպերային դասարանի հիմնադրմամբ: Ղեկավարն էր ռեժիսոր Արշակ Բուրջալյանը։

1935 թվականին Երևան է տեղափոխվում Կոնստանտին Սարաջևը։ Նա հսկայական դերակատարում է ունեցել Կոնսերվատորիայի պատմության մեջ՝ թե՛ իբրև երկարամյա ռեկտոր, թե՛ իբրև անզուգական արվեստագետ և մանկավարժ։

1929-ին Թիֆլիսում տեղի ունեցան Կոնսերվատորիայի ուսանողների համերգները։ Այս տարիներին Հայաստան են հրավիրվում նաև աշխարհում սփռված հայ մտավորականները։ Գիտության և արվեստի տարբեր ճյուղերում՝ նրանք իրենց ավանդն են բերում հայրենիքի զարգացմանը։ Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը շարունակ համալրվում էր հրավիրյալ մասնագետներով։ Սրանք սկզբի, միևնույն ժամանակ՝ հաստատուն վերելքի տարիներ էին թե՛ Կոնսերվատորիայի, թե՛ հայ երաժշտական մշակույթի համար առհասարակ։

1930-ականների սկզբում Կոնսերվատորիան արդեն տվել էր իր առաջին սերունդներին։ 1933-ին Հայաստանի նորաստեղծ օպերային թատրոնի առաջին կազմերում հանդես էին գալիս Կոնսերվատորիայի շրջանավարտները։
Conservatory-History
1934-ին Կոնսերվատորիան ևս մեկ ուղղությամբ ընդլայնում ունեցավ, դրվեց գիտահետազոտական գործունեության հենքը։ Հիմնադրվեց կոմպոզիտորական-տեսական բաժինը:

Երաժշտական մասնագիտական հաստատության կայացման այս ընթացքի շքահանդես, յուրատեսակ մի «արձանագրում» եղավ 1939-ին Մոսկվայում  հայ երաժշտության տասնօրյակը։ Այստեղ հայ երաժշտությունը փայլեց տարբեր ժանրերով, ուղղություններով և, անշուշտ, երաժշտակատարողական բարձր արվեստով։

Հայ երաժշտարվեստի պատմությունն անքակտելիորեն կապված է Կոնսերվատորիայի պատմության հետ։ 1930-ականներին Կոնսերվատորիայում, Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի դասարանում սկսեցին ուսանել հինգ պատանիներ, ովքեր հետագայում հանդես էին գալու ինքնատիպ ձեռագրով՝ միևնույն ժամանակ հենվելով Արամ Խաչատրյանի կենսահաստատ երաժշտության և կոմիտասյան անշրջանցելի ավանդույթների վրա։
Մասնագիտական հիմնորոշ գիտելիքներով և բարձր գեղարվեստով լեցուն՝ Հայկական հնգյակը՝ Ալեքսանդ Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ադամ Խուդոյան, նոր վերելքի պիտի տաներ հայ երաժշտարվեստը և մասնավորաբար՝ հարազատ բուհը։

Ղազարոս Սարյանը ղեկավարում է Կոնսերվատորիան շուրջ քառորդ դար՝ 1960-ից մինչև 1986 թվականը։

Այս տարիներին ձևավորվում են մի շարք ամբիոններ, այդ թվում՝ կամերային երաժշտության, փողային գործիքների։ 1966-ին, Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ բացվում է երգեհոնի դասարանը։

1960 թվականին տեղի է ունենում առաջին Անդրկովկասյան կատարողական մրցույթը, որտեղ Կոնսերվատորիայի մոտ մեկ տասնյակ ուսանողներ նվաճում են մրցութային տեղեր և պատվոգրեր։

Այս և բազում այլ մրցույթներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մշտապես հանդես է գալիս ներկայանալի կազմով։ Այսպես, Հայաստանի գործիքային կատարողական արվեստը զարդարում էին այնպիսի տաղանդավոր երաժիշտներ, ինչպիսիք էին դաշնակահարներ Վիլլի Սարգսյանը, Վահե Ահարոնյանը, Զեմֆիրա Բարսեղյանը, ջութակահարներ Վիլլի Մոկացյանը, Վահե Ահարոնյանը, Զարեհ Սահակյանցը, Պողոս Մարջիկյանը, թավջութակահարներ Ջոն Գևորգյանը, Ֆելիքս Հակոբյանը, այլք։
1970-1980-ականների համերգային կյանքի վառ էջերից էր Սվետլանա Նավասարդյանի, Անահիտ Ներսիսյանի, Ռուբեն Ահարոնյանի և այլոց գործունեությունը:

Կատարողական արվեստին զուգընթաց, շարունակում է զարգանալ երաժշտագիտությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանանում Կոմիտասի ժառանգությունը։ 1969-ին Կոմիտասի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հիմնադրվում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետը, որը հետագայում վերաճեց ամբիոնի:

Սվետլանա Նավասարդյան

Ազգային երաժշտության և ակադեմիական երաժշտարվեստի խորը իմացությամբ, ավանդականի և նորարարականի ներդաշնակ միաձուլման տաղանդով՝ 1960-ականներից, հայ դասական երաժշտարվեստում նոր ասելիքով հանդես եկան կոմպոզիտորներ Էդգար Հովհաննիսյանը, Ավետ Տերտերյանը, Տիգրան Մանսուրյանը, այլք։
Իր ստեղծագործ կյանքի ողջ ընթացքում Կոնսերվատորիայի կողքին, Կոնսերվատորիայի հետ էր Արամ Խաչատրյանը։

1973 թվականին Կոնսերվատորիան նշում է իր գործունեության 50-ամյակը։ Ամենանշանակալին այս առթիվ Կոնսերվատորիայի նոր շենքի շահագործումն էր։

1981 թվականին ռեկտոր Ղազարոս Սարյանի նախաձեռնությամբ բացվում է Օպերային ստուդիան, որն այժմ կրում է իր հիմնադրի անունը։
1986-1991 թվականին Կոնսերվատորիայի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը։ Նրան հաջորդեց Տիգրան Մանսուրյանը, ով ռեկտոր էր 1992-1995 թվականներին։
Conservatory
Conservatory
Conservatory
Conservatory
Conservatory
Conservatory
Ռեկտոր Արմեն Սմբատյանի ղեկավարության օրոք (1995-2003թթ.) 1997 թվականին բացվեց Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

Հաջորդ տարիներին Կոնսերվատորիան ղեկավարել են Սերգեյ Սարաջյանը (2003-2011թթ.), Շահեն Շահինյանը (2011-2018թթ.)։

Այժմ Կոնսերվատորիայի ռեկտորն է Սոնա Հովհաննիսյանը։

Մայր երաժշտական բուհը միշտ մնացել է հավատարիմ իր առաքելությանը՝ ապրել և ապրեցնել Երաժշտությամբ։