Սերգեյ Ումրոյան
Տնօրեն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիան նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ձայնագրման ստուդիա է, որտեղ ամեն տարի ձայնագրվում և ձայնասկավառակների տեսքով արխիվավորում են տարվա լավագույն շրջանավարտների կատարումները և ստեղծագործությունները։ Ակուստիկ լաբորատորիան նաև նախաձեռնողական հարթակ է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ երաժշտական տարբեր ծրագրեիի, այդ թվում՝ վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և երաժշտական փորձերի համար: Լաբորատորիայի նպատակն է բուհի կրթական ծրագրերում ինտեգրել ժամանակակից տեխնիկական մոտեցումները և ուսանողներին, բայց նաև պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն ընձեռել դրսևորվել ոչ ակադեմիական, փորձարարական միջավայրում։Այն բաց հարթակ է նաև արտակոնսերվատորիական երաժշտական համագործակցությունների համար ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»-ն ստեղծվել է 2018 թվականին Համաշխարհային բանկի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի դրամաշնորհային ծրագրով:Լաբորատորիան նպատակ ունի շարունակաբար արդիականացնել Կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացն ու բարելավել դրա որակը՝ նորարակական տեխնոլոգիաների գործուն ներդրմամբ:Այն համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների հետագա զարգացմանը:Լինելով իր ոճի մեջ միակը տարածաշրջանում, տարիների ընթացքում լաբորատորիան հյուրընկալել է բազմաթիվ անվանի տեղացի և միջազգային կատարողների և երաժշտագետների, այդ թվում՝ թավջութակահար Միքայել Հախնազարյանին, բելգիացի երգահան Կլոդ Լըդուին և ֆրանսիացի երգահան Բրունո Մանտովանիին:Ակուստիկ լաբորատորիայում են անցկացվել նաև 2019 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված Երաժշտական փառատոնի (Fête de la Musique 2019) շրջանակներում Հայաստանում գտնվող Դան Ղարիբյան տրիոյի վարպետության դասը և ԵՊԿ Ուսանողական Շտաբի «Երաժշտական Շաբաթ Կոնսերվատորիայում 2021» (Music Week in YSC 2021) փառատոնը: