Հասմիկ Պապյան
Գեղարվեստական ղեկավար
Բարի գալուստ Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի էջ, որտեղ Ձեզ կպատմենք, թե որքան երազային և գեղեցիկ կարող է լինել ճանապարհը փոքր բեմից դեպի մեծ բեմեր։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան հիմնադրվել է 1980 թվականին հայ անվանի կոմպոզիտոր և բուհի նախկին ռեկտոր Ղազարոս Սարյանի կողմից՝ հայ օպերային երգիչների նորանոր սերունդներ կրթելու և դեպի միջազգային բեմահարթակներ ճանապարհ հարթելու համար:
Իր ավելի քան քառասունամյա պատմության ընթացքում ստուդիայում բեմադրվել են երկու տասնյակ օպերային ներկայացումներ՝ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը, Ջակոմո Պուչինիի «Եռապատումը», Գաետանո Դոնիցետտիի «Սիրո ըմպելիքը» և այլ՝ հնարավորություն ընձեռելով Կոնսերվատորիայի երիտասարդ օպերային երգիչներին ձեռք բերել մասնագիտական փորձառություն։
Այսօր նոր շունչ առած ստուդիան իր նորոգված ենթակառուցվածքների շնորհիվ արդեն հյուրընկալել է ժամանակակից մեկնաբանությամբ Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան և «SumMeet» ժամանակակից պարի միջազգային փառատոնը:
Հավակնելով դառնալ ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը, Օպերային ստուդիան իր 2022-2023 համերգաշրջանից սկսած նպատակ ունի հանդես գալ որպես խաղացանկային օպերային թատրոն՝ բեմադրելով տարեկան 2 նոր օպերային և 2 նոր ժամանակակից պարային ներկայացում: