«Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական ամսագիրը հիմնադրվել է ԵՊԿ Գիտխորհուրդի որոշմամբ 1996 թվականին, որպես Կոնսերվատորիայի պաշտոնական մամուլ:
Ամսագիրը, որի առաջին համարը լույս է տեսել 1998-ին, այսօր տպագրվում է տարեկան երկու համար պարբերականությամբ՝ հունիս և դեկտեմբեր ամիսներին և տարածվում է հայաստանյան ու այլ երկրների գրադարաններում, հայագիտական ամբիոններում, երաժշտական կրթական հաստատություններում՝ ներկայացնելու հայ երաժշտակագիտական մտքի անդրադարձերն երաժշտական կյանքին, երաժշտության պատմության և տեսության հիմնախնդիրներին։
«Երաժշտական Հայաստան»-ը հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես բնագրերով հրատրակվող բազմալեզու պարբերական: Ամսագիրը տեղ է զբաղեցնում Սկոպուսի 4-րդ մակարդակում և ընդգրկված է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակ»-ում։
«Երաժշտական Հայաստան» գիտական միջազգային ամսագրում տպագրվող հոդվածներն ընդգրկում են «Երաժշտական արվեստ» մասնագիտության ուսումնասիրությունների բոլոր բնագավառներ՝ երաժշտության պատմություն, տեսություն, ֆոլկլորագիտություն, կատարողական արվեստի պատմություն և տեսություն, ինչպես նաև երաժշտության հետ առնչվող միջդիսցիպլինար մասնագիտացումների ոլորտը:
Ամսագրում հրատարակվում են Հայաստանում և արտերկրում բնակվող մասնագետների հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված հոդվածները, որոնք համապատասխանում են սույն նորմերին ու պահանջներին:
Հրատարակման ենթակա հոդվածները ներկայացվում են ԵՊԿ Հրատարակչություն տպագիր տարբերակով 0001, Երևան, Մարկ Գրիգորյան 2, 103 սենյակ և Word տարբերակով [email protected] ու [email protected] էլ. հասցեներին: Յուրաքանչյուր տարվա Nº1-ի նյութերն ընդունվում են մինչև մայիսի 31-ը, իսկ Nº2-ի նյութերը՝ մինչև նոյեմբերի 30-ը: Թղթային տարբերակի դեպքում հոդվածի յուրաքանչյուր էջին պետք է լինի հեղինակի(ների) ստորագրություն(ները):
Հոդվածները քննարկվում են խմբագրական կոլեգիայի նիստում հրատարակչություն ներկայացնելուց առնվազն երկու շաբաթ առաջ և հրատարակվում են համաձայն սույն կարգին:
Ուշադրությո՛ւն. Խմբագրական կոլեգիան կարող է մերժել հոդվածի հրապարակումը «Երաժշտական Հայաստան» ամսագրում՝ վերը նշված նորմերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում: Կոլեգիայի որոշումն ենթակա չէ բողոքարկման: