ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա)» մասնագիտացման կրթական ծրագրին կարող են դիմել միջնակարգ կամ մասնագիտական կրթությամբ անձինք։
Ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննություններով, մրցութային կարգով։ Ընդունելության քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է կարգով սահմանված ժամկետներում հայտագրվել, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Ուշադրությո՛ւն. ԵՊԿ ընդունվելու համար երաժշտական կրթության վկայական չի պահանջվում:
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ընդունելության դիմում-հայտի առցանց լրացումը dimord.am կայքէջում:
Առաջին փուլ ՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների համար. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 18:00-ը։
Երկրորդ փուլ՝ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 17:00-ը։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
Ուշադրությո՛ւն. Անհրաժեշտ է ընդունելության դիմում-հայտում ճշգրիտ լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները, քանի որ դրանցով է իրականացվելու ընդունելության գործընթացների հետ կապված ողջ տեղեկատվության փոխանցումը։
Բոլոր դիմորդների համար՝ մայիսի 17-ից հետո, ԵՊԿ ընդունելության պատասխանատու քարտուղարի կողմից ստացված էլեկտրոնային նամակում նշված ժամանակացույցով։
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Բոլոր դիմորդների համար՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդունելության մրցույթի ամփոփում
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 18-ը:
Ուսումնական տարին
Առաջին կիսամյակ - սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը,
Երկրորդ կիսամյակ - փետրվարի 9-ից մինչև հունիսի 28-ը:
Ուշադրությո՛ւն. Ժամկետները ենթակա են փոփոխության՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
1. Ընդունելության քննությունների նախապատրաստումը
«Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա)» մասնագիտացման բակալավրական կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության մրցութային շեմը։
Եթե ցանկանում եք կատարելագործել Ձեր գիտելիքներն ընդունելությանն ընդառաջ, կարող եք մասնակցել Կոնսերվատորիայի կողմից առաջարկվող Նախապատրաստական դասընթացներին, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Նախապատրաստական դասընթացների միջոցով ԵՊԿ դիմորդը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ՝ ընդունելության քննությունների մրցութային շեմը հաղթահարելու համար։
2. Փաստաթղթերի ներկայացում
Առցանց հայտը լրացնելուց հետո անհրաժեշտ է ստացված էլեկտրոնային նամակում սահմանված ժամկետներում ԵՊԿ Ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարին առձեռն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1․ Անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր կամ ծննդական կամ ID քարտ/ բնօրինակը և 2 պատճենը,
2․ Սոցքարտի բնօրինակը և 2 պատճենը,
3․ Լուսանկար (3x4 չափի) 6 հատ,
4․ Ավարտական վկայականի (ատեստատ կամ դիպլոմ) բնօրինակը և 2 պատճենը,
5․ 900018002072 հաշվեհամարին 3,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի բնօրինակը։ Հիշեցնենք, որ Ընդունելության կարգի 78 -81 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են այդ վճարից։
6․ Զինվորական գրքույկը /զորացրված դիմորդների համար/ կամ տարածքային զինկոմիսարիատի տրված կցագրման գրքույկը,
7․ Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկրության դիպլոմների բնօրինակները և 1-ական պատճենները,
8․ Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է Ընդունելության կարգի թիվ 73, 78–81 կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող բնօրինակ փաստաթղթերը։
9․ Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը՝ «Փարոս»-ի միավորի մասին նշումով։
10․ Ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, ժանրերը։ Խնդրում ենք ծրագիրը ներկայացնել տպագիր /տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14/՝ վերջում նշելով դիմորդի անուն-ազգանունը։
Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը։
Ուշադրությո՛ւն. Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը ներկայացնում է իր՝ մայրաքաղաքային կամ մարզային տարածքային ոստիկանական բաժնի կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
3. Ընդունելության քննությունները
ա/ Մասնագիտություն (ծրագրի ցուցադրում)
բ/ Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր)
ա/ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի ցուցադրում)
Դիմորդը ներկայացնում է հեղինակային երեք ստեղծագործություն (մինչև 30 րոպե)՝ անսամբլային երկ (գործիքային կամ վոկալ-գործիքային),
վոկալ երկ (մեներգային կամ խմբերգային),
մենանվագ գործիքի համար գրված երկ։
Քննական ստեղծագործությունները կարող են ներկայացվել պարտիտուրի տեսքով կամ կենդանի կատարմամբ:
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ ներկայացվող ծրագրի վերաբերյալ (ստեղծագործությունների ձևը, օգտագործված կոմպոզիցիոն միջոցները, գրական հիմքի ընտրությունը)։
Քննության տևողությունը՝ մինչև 30 րոպե։
բ/ ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
Քննությունը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնք կատարվում են քննական կենտրոն դիմորդի մեկ մուտքով, երկու գրավոր առաջադրանքի ձևով։
Քննական բաղադրիչներ՝
ա/ Սոլֆեջո
Դիմորդը պետք է գրի 8 տակտից բաղկացած եռաձայն թելադրություն շեղումներով։
Նախապես որոշվում են թելադրության տոնայնությունը, չափը, սկզբնական հնչյունները։
Կատարման ժամանակը՝ 30 րոպե, 2-3 րոպեն մեկ անգամ թելադրության հնչեցումով:
բ/ Հարմոնիա
Դիմորդը պետք է ներդաշնակի մեղեդի՝ 12-16 տակտ ընդլայնված պարբերության ձևով, որը պետք է պարունակի հնարավոր շեղումներ և մոդուլյացիաներ դեպի 1-ին կարգի ազգակից տոնայնություններ։
Կատարման ժամանակը՝ 2 ժամ:
Ներդաշնակման անթույլատրելի քայլերը՝ ըստ դասագրքային ձևակերպումների․
մեղեդու սխալ տոնայնության որոշում,
կառուցվածքային սխալ բաժանում (ցեզուրա, կադանս, կիսակադանս, ընդլայնում),
ֆունկցիոնալ սխալ լուծում,
ակորդի (ֆունկցիայի) տեղափոխում թույլից ուժեղ մաս,
ակորդի սխալ դասավորություն,
զուգահեռ, թաքնված կվինտաներ ու օկտավներ,
քայլեր մեծացրած ինտերվալներով,
հակասումներ,
ակորդների սխալ հաջորդականություն,
սեպտակորդների սխալ լուծումներ,
սեկվենցիաների, շեղումների, մոդուլյացիայի անտեսում,
նոտագրության ուղղագրական սխալներ,
նշանների սխալներ և այլն։
Գնահատման սանդղակ․
Քննական առարկաների գնահատման չափանիշը 20 միավոր է, որից.
18-20 միավոր` գերազանց
13-17 միավոր` լավ
8-12 միավոր` բավարար
7 միավոր և ցածր` անբավարար։