pages-headerՀայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն
Welcome

Նունե Աթանասյան

Ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի պատմությունն անմիջականորեն կապված է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի պատմության հետ, վերջինս հիմնադրվել է 1969 թվականին, Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Երկար տարիներ կաբինետը գործել է երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի շրջանակներում: 1988 թվականին կաբինետը մտավ իր իսկ հիման վրա կազմավորված Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի կազմի մեջ: Կաբինետը ղեկավարել են Մարգարիտ Բրուտյանը /1969-1979/, Հասմիկ Էլոյանը /1979-1980/, Անահիտ Կիրակոսյանը /1980-2004/, Աստղիկ Սահակյանը /2004 թվականից/: Ամբիոնը և կաբինետը աշխատում են միասնական ստեղծագործական ծրագրով: Կաբինետը կրում է իր նախաձեռնող, հիմնադիր և առաջին ղեկավարի՝ Մարգարիտ Բրուտյանի անունը։ Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը ստեղծվել է 1988 թվականին Երևանի կոնսերվատորիայում ուսումնական պրոցեսում 1969 թվականից ներմուծված առարկաների և դասընթացների հիման վրա /1955 թվականից այդ առարկաները դասավանդվում էին մասնակիորեն/: Ամբիոնը ղեկավարել են Մարգարիտ Բրուտյանը, Ալինա Փահլևանյանը/1992-2019/: Ամբիոնի, ինչպես նաև Ժողովրդական ստեղծագործության կաբինետի նպատակն է՝ կոնսերվատորիայի ուսանողությանը լայնորեն հաղորդակից դարձնել ժողովրդական և հոգևոր երաժշտության գանձարանին, գուսանական և աշուղական երգարվեստին, ինչպես նաև Արևելքի մոնոդիկ երաժշտության դասական նմուշներին: Ամբիոնի բնորոշ հատկանիշը բազմապրոֆիլայնությունն է, որը ճկուն կերպով համադրվում է գործնական և գիտական-հրատարակչական աշխատանքի հետ: Աշխատանքն ընթանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և մերձավոր ու հեռավոր արտերկրների ֆոլկլորագիտական կենտրոնների հետ համագործակցությամբ։