Սոնա Պողպատյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ, բան․ գիտ․ թեկնածու
Հասարակագիտության, գեղագիտության և արվեստի պատմության դասընթացները Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում ներմուծվել են հիմնադրման օրվանից /դասընթացների շարքը վարում էր Արշակ Ադամյանը/: Ավելի ուշ դասընթացների անվանացանկը զգալի ընդլայնվեց փիլիսոփայության, քաղտնտեսության և այլ դասընթացների շնորհիվ: 1940-ական թվականների երկրորդ կեսին հասարակական գիտությունների դասընթացները համակարգվեցին համապատասխան ամբիոնի շրջանակներում /ներկայումս՝ հումանիտար գիտությունների ամբիոն/: Ամբիոնը /տարբեր տարիներ/ ղեկավարել են. Իզաբելլա Թամրազովան, Հենրիկ Գրիգորյանը, Արամայիս Նիկոյանը: Ամբիոնը պատասխանատու առաքելություն ունի ապագա երաժիշտների անհատականության, նրանց աշխարհայացքի ընդհանուր հումանիտար ուղղվածության ընդլայնման և ժամանակակից մշակույթի գործչին անհրաժեշտ ինֆորմատիկայի և երաժշտական մենեջմենթի հիմունքների ձևավորման գործում: Հայերեն, ռուսերեն և օտար լեզուների դասավանդումը Երևանի կոնսերվատորիայում հին ավանդույթ է: 1973 թվականին լեզուների դասընթացները միավորվեցին որպես առանձին ընթացաշար /ղեկավար՝ Նինա Պողոսյան/, իսկ 1976 թվականին կազմավորվեց լեզուների ամբիոնը /տարբեր տարիների ղեկավարել են Նինա Պողոսյանը, Նեկտարինե Արամյանը և Վաղարշակ Գյուլբուդաղյանը/: Դասավանդման բարձր մակարդակի շնորհիվ լեզուների տիրապետելու մշակույթը դարձավ կոնսերվատորիայի ուսանողության դաստիարակության անբաժանելի մասը: Անհատական մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնասիրվող լեզուն կապել յուրաքանչյուր ուսանողի երաժշտական գլխավոր մասնագիտացման հետ: Ամբիոնի դասախոսները մշտապես աջակցում են կոնսերատորիայի անձնակազմին արտասահմանցի ուսանողների հետ շփման հարցերում: Ամբիոնում կուտակվել է երաժշտության մասին օտարալեզու մեծ գրականություն: Լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ Երևանի կոնսերվատորիայում, երաժշտական բուհերի պատմության մեջ առաջին անգամ, հրավիրվեց գիտաժողով՝ նվիրված երաժշտության մասին օտարալեզու տեքստերի թարգմանության և ուսումնասիրության խնդիրներին /Երևան, 1978՝ Մոսկվայի, Լենինգրադի, Օդեսայի և անդրկովկասյան հանրապետությունների կոնսերվատորիաների մասնակցությամբ/: