Նարինե Զարիֆյան
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Կոնսերվատորիայի ամենաերիտասարդ՝ Էստրադային և ջազային երաժշտության ամբիոնը հիմնադրվել է 1997 թվականին։ Ամբիոնի ստեղծումը թելադրված էր հանրապետությունում էստրադային և ջազային երաժշտության բավականաչափ լայն և առանձնահատուկ ասպարեզը բարձրորակ երաժշտական կադրերով ապահովելու անհրաժեշտությամբ: Ամբիոնի հիմնադիր ղեկավարն էր պրոֆեսոր Երվանդ Երզնկյանը, ով հրավիրեց ճանաչված ու վաստակաշատ երաժիշտներ Ռաիսա Մկրտչյանին, Մարտին Վարդազարյանին, Ակսել Բակունցին, Էմմա Պետրոսյանին, Արմեն Թութունջյանին և ուրիշներին։ Շատ կարճ ժամանակահատվածում ընդլայնվեց ամբիոնի դասախոսական կազմը, համալրվեց տաղանդավոր ուսանողներով, որոնց ակնհայտ ձեռքբերումները կոնսերվատորիական կրթության արդյունքն են։ Ամենօրյա գործնական աշխատանքին զուգահեռ, ուրվագծվում են ուսումնական երկացանկի շրջանակները, ձևավորվում են մեթոդաբանական սկզբունքները, ստեղծվում են ուսումնական ծրագրեր: Հայ երաժշտության մեջ էստրադային և ջազային նվագախմբերի գործունեությամբ ձևավորված ավանդույթները /ղեկավարներ՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան և ուրիշներ/ նոր հետաքրքիր ուղղվածություն ձեռք բերեցին ամբիոնի ստեղծման շնորհիվ։ Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են հանրապետության էստրադային և ջազային կոլեկտիվների, առաջին հերթին Հայաստանի Հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի /ղեկավար՝ Երվանդ Երզնկյան/ և Հայաստանի ջազ-նվագախմբի /ղեկավար՝ Արմեն Հյուսնունց/ հետ սերտ համագործակցությամբ։ Ամբիոնն իր գլխավոր խնդիրն է համարում ազգային երաժշտական ավանդույթների և ժամանակակից երաժշտական մշակույթի ներդաշնակ միահյուսման ուղղվածության մեջ ուսանողի անհատականության բացահայտումը։