pages-headerԵրաժշտության պատմության ամբիոն
Welcome

Լուսինե Սահակյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ, արվեստագիտության թեկնածու

Ամբիոնը պատմական դեր ունի դեռևս Կոմիտասից սկիզբ առնող հայ երաժշտագիտության ավանդույթներն ամրապնդելու և զարգացնելու, հանրապետությունը բարձրակարգ մասնագետներով ապահովելու գործում, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում պատմաբան-երաժշտագետի աշխատանքի հետ կապված մշակույթի բոլոր բնագավառներում. հետազոտողներ, մանկավարժներ, երաժշտական-կյանքի կազմակերպիչներ, դասախոս-պրոպագանդիստներ, թանգարանների և արխիվների աշխատողներ, ԶԼՄ-ների և գիտական հրատարակչությունների աշխատակիցներ և այլն։ Երևանի կոնսերվատորիայի երաքժշտության պատմության ամբիոնը, որը  երաժշտության պատմության, տեսության և կոմպոզիցիայի միացյալ ամբիոնի կազմում էր, 1962 թվականից անջատվեց որպես առանձին կառույց: Ամբիոնը միավորեց երաժշտա-պատմական դասընթացները, որոնք ներմուծվել էին Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում նրա սկզբնավորման օրվանից և համակարգվեցին 1937 թվականին պատմատեսական բաժնի հիմնադրումով: Բաժնի /այնուհետև ամբիոնի/ ղեկավարներն են եղել. Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը /1937-1943 և 1958-1960/, Գեորգի Տիգրանովը /1943-1947/, Տիգրան Տեր-Մարտիրոսյանը /1947-1948/, Անուշավան Տեր-Ղևոնդյանը /1948-1958/, Գևորգ Բուդաղյանը /196-1962/, Մարգարիտ Հարությունյանը /1962-1974 և 1982-1995/, Աննա Բարսամյանը /1974-1976/, Արմեն Բուդաղյանը /1976-1982/, Արաքսի Սարյանը /1995-2013/։ Մեծ է ամբիոնի դերը երաժշտապատմական դասընթացների դասավանդման մեթոդաբանության մշակման և դասավանդման բարձր որակի ապահովման գործում: Ամբիոնի աշխատանքն ընթանում է փոխադարձ համագործակցությամբ՝ Երևանի կոնսերվատորիայի երաժշտության տեսության և հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնների, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝ «Մատենադարանի», ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ: Պհպանվում են ավանդական կապերը Մոսկվայի, Լենինգրադի /Սանկտ-Պետերբուրգի/ և ԱՊՀ երկրների կոնսերվատորիաների հետ: Ամբիոնի դասախոսները ակտիվ մասնակցում են միջազգային գիտաժողովներին։ Ամբիոնը ծանրակշիռ ներդրում է ունեցել հայ երաժշտությանը վերաբերող ուսումնական դասընթացների և ծրագրերի մշակման, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հրատարակման գործում։