pages-headerՕպերային-սիմֆոնիկ դիրիժորության և խմբավարության ամբիոն
Welcome

Դավիթ Ղազարյան

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր

Խմբավարության ամբիոնը նպաստել է Հայաստանում երգչախմբային մշակույթի արմատավորմանը, որը հայ երաժշտության առանձնահատուկ ձեռքբերումներից է։ Օպերային-սիմֆոնիկ դիրիժորների պատրաստումը Երևանի կոնսերվատորիայում սկսվել է 1929 թվականից: Սակայն միայն 1935 թվականին, Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական բաժնի հիմնադիր, մեծանուն Արթուր Նիկիշի աշակերտ՝ Կոնստանտին Սարաջևի Երևան տեղափոխվելուց հետո, նրա ղեկավարած օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանը պաշտոնական կարգավիճակ ստացավ՝ դառնալով ԽՍՀՄ-ում օպերային-սիմֆոնիկ դիրիժորներ պատրաստող երրորդ կոնսերվատորիան /Մոսկվայից և Լենինգրադից հետո/: Կ. Սարաջևից հետո 1954-1973 թվականներին օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանը ղեկավարեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Միքայել Մալունցյանը, նրա սաներն են եղել Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյանը, Արամ Քաթանյանը, Էմին Խաչատրյանը և Արամ Ղարաբեկյանը։ Շրջանավարտներ են ունեցել նաև Սուրեն Չարեքյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Միքայել Տերյանը և Մերուժան Սիմոնյանը: Խմբավարության ամբիոնը /հետագայում՝ օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի հետ միավորված/ կազմավորվել է 1946 թվականին խմբավարության դասարանի հիման վրա, որը գործում էր Երևանի երաժշտական ստուդիա-կոնսերվատորիայի հիմնադրման սկզբից: Ամբիոնը ղեկավարել են. Թաթուլ Ալթունյանը /1946-1949/, Միքայել Տերյանը /1949-1955/, Լիդիա Չունգուրյանը /1955-1968/, Ջեմս Գյոզալյանը /1968-1978/, Սերգեյ Ղազարյանը /1978-1988/, Իվան Վարդանյանը /1988-1999/, Հովհաննես Միրզոյանը /1999-2022/: Ամբիոնի պատմական վաստակը հանրապետության բոլոր երգչախմբային կոլեկտիվներին խմբավարների և երգչախմբի երաժիշտների բարձրակարգ կադրերով ապահովումն է, դեռևս XIX դարի երկրորդ կեսից՝ Մ․ Եկմալյանի, Ք․ Կարա-Մուրզայի, Կոմիտասի և մյուս նշանավոր գործիչների բազմակողմանի գործունեության շնորհիվ ձևավորված ավանդույթների պահպանելը և ստեղծագործաբար զարգացնելը։