Թերեզա Նաչարյան
Ամբիոնի վարիչի ժ․պ․, դասախոս
Երևանի կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի բուռն աճն ու ճյուղավորումը հիմքեր ստեղծեցին 1995 թվականին նրա կազմից դուրս բերելու համար լարային կվարտետները և վերջիններիս հիման վրա ստեղծելու լարային կվարտետի ինքնուրույն ամբիոնը /ամբիոնի վարիչներն են եղել Ռուբեն Ալթունյանը՝ 1995-2005, Վիկտոր Խաչատրյանը՝ 2005-2012/, Էդիտա Ավագյանը՝ 2013- 2023/:
Ամբիոնի ստեղծումը հիշարժան շրջափուլ դարձավ հայ կվարտետային մշակույթի հարուստ ու հետաքրքիր պատմության զարգացման ընթացքում: Այդ մշակույթի դրոշակակիրը եղել և մնում է Կոմիտասի անվան կվարտետը, որը ղեկավարել են Ավետ Գաբրիելյանը, այնուհետև Էդուարդ Թադևոսյանը: Լարային կվարտետի ինքնուրույն ամբիոն ստեղծելով՝ կոնսերվատորիան ամրագրեց իր պատասխանատվությունը հայ կատարողական արվեստի այս ասպարեզի հետագա զարգացման գործում: Դրա հետ մեկտեղ պահպանվեցին այս ամբիոնի ավանդական կապերը կամերային անսամբլի ամբիոնի հետ, որի ներքո սկիզբ առավ Հայաստանի կվարտետային մշակույթը: Հաճախակի կադրային փոփոխությունների և հոսունության պայմաններում երկու ամբիոններին հաջողվում է պահպանել դասավանդման կայուն բարձր մակարդակը՝ նրանցում ձևավորված ստեղծագործական ավանդույթների հիման վրա: