Նախապատրաստական դասընթացներ

Նախապատրաստական դասընթացներ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կազմակերպվում են ութամսյա նախապատրաստական դասընթացներ: Դասընթացները կազմակերպում և համակարգում է Կոնսերվատորիայի ուսումնական մասը։ Պարապմունքները վարում են Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Դասընթացների տևողությունը 8 ամիս է՝ 30 ուսումնական շաբաթ։ Պարապմունքներն անցկացվում են հոկտեմբեր–դեկտեմբեր և փետրվար–հունիս ամիսներին։ Դասընթացները մեկնարկում են հոկտեմբերի 1-ին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից 30-ը։ Նախապատրաստական դասընթացների ունկնդիր գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում՝ Կոնսերվատորիայի ռեկտորի անունով,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն՝ բնօրինակը անձամբ ներկայացնելով,
- երկու լուսանկար՝ 3 × 4 սմ չափի,
- ուսման վարձի վճարման անդորրագիր։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ունկնդրի ընդունելությունը ձևակերպվում է հրամանով։
Ունկնդրի հետ կնքվում է վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագիր, որում նշվում են ուսումնառության տևողությունը և ուսման վարձի ընդհանուր չափը։
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ
Նախապատրաստական դասընթացների ուսման վարձը 250 000 ՀՀ դրամ է։ Այն անփոփոխ է տվյալ դասընթացի ունկնդիրների համար։ Ունկնդրի նախաձեռնությամբ ուսումնառությունը դադարեցնելու դեպքում վճարված ուսման վարձը չի վերադարձվում։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դասընթացներն ընդգրկում են մասնագիտություն, սոլֆեջո, հարմոնիա կամ երաժշտական տարրական տեսություն՝ «Երգեցողություն» մասնագիտությունների դեպքում։ Ուսուցումն իրականացվում է ընդունելության քննական ծրագրերով նախատեսված ծավալով՝ տեսական և գործնական պարապմունքների միջոցով։
Ունկնդիրների նախնական գիտելիքներին համապատասխան խմբեր ձևավորելու համար անցկացվում է գիտելիքների ստուգում։ Ուսումնառության ընթացքում նախատեսվում են ընթացիկ ստուգումներ և ավարտական ստուգարք։ Դասընթացն ավարտած ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ։
Կարևոր է իմանալ։
Նախապատրաստական դասընթացների ունկնդիրները չեն օգտվում պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից, ուսման վարձի մասնակի զեղչից և օրենքով սահմանված այլ արտոնություններից։