YSCK Logo

Ուսանողների փոխանակման ծրագրեր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջազգային ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս սովորողներին կրթությունը ժամանակավորապես շարունակելու այլ ուսումնական հաստատությունում՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանն ու մասնագիտական զարգացմանը։ Փոխանակումն իրականացվում է միջբուհական համագործակցության պայմանագրերի և/կամ համաձայնագրերի հիման վրա։ Սովորողը կարող է նաև սեփական նախաձեռնությամբ դիմել իր նախընտրած բուհին, այդ թվում՝ Կոնսերվատորիայի հետ չհամագործակցող հաստատությանը։ Այս դեպքում Կոնսերվատորիան աջակցում է նրա շարժունությանը։

Ովքեր կարող են մասնակցել

Ծրագրերին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները՝ անկախ ուսուցման ձևից և մասնագիտությունից։
Բացառություն են կազմում՝
  • բակալավրիատի առաջին կուրսի առաջին կիսամյակի սովորողները,
  • բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կիսամյակի սովորողները։

 

Մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ են՝
  • մասնագիտական բարձր առաջադիմություն՝ հաստատված ակադեմիական տեղեկագրով,
  • ծրագրով պահանջվող օտար լեզվի իմացության առնվազն B2 մակարդակի հավաստագիր,
  • դիմում-հայտ,
  • անձնագրի պատճեն,
  • մոտիվացիոն նամակ,
  • ինքնակենսագրություն։
Դիմումը պետք է ներկայացնել տվյալ ծրագրի համար հայտարարված ժամկետներում։ Սովորողը պարտավոր է ներկայացնել նաև ընդունող բուհի պահանջած փաստաթղթերը։

Մասնակիցների ընտրությունը

Մասնակցությունը կազմակերպվում է մրցութային կարգով՝ հաշվի առնելով դիմորդների ակադեմիական առաջադիմությունը և ընդունող երկրի լեզվի կամ համապատասխան օտար լեզվի իմացությունը։ Մրցույթի շրջանակում սովորողը մասնակցում է մրցութային հանձնաժողովի կազմակերպած մասնագիտական ունկնդրմանը։ Ընտրված մասնակիցների տվյալները ներկայացվում են ընդունող բուհին, որը տալիս է վերջնական եզրակացությունը։ Սովորողն իրավունք ունի դիմելու մի քանի ակադեմիական շարժունության ծրագրերի և ստանալու դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկություն։

Ուսումնական ծրագրի համաձայնեցումը

Սովորողի ընտրած՝ ընդունող բուհում ուսումնասիրվելիք դասընթացների ցանկը համաձայնեցվում է Կոնսերվատորիայի ուսումնական մասի հետ։ Մասնակցության համար սովորողի, Կոնսերվատորիայի և ընդունող բուհի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր և/կամ համաձայնագիր, որով սահմանվում են՝
  • կողմերի պարտականությունները,
  • ուսումնասիրվելիք առարկաների ցանկը,
  • ակադեմիական ժամերը և կրեդիտների քանակը,
  • ակադեմիական տարբերությունների մարման կանոնները,
  • գնահատականների ճանաչման և փոխանցման ձևերը։

 

Ուսման արդյունքների ճանաչումը

Փոխանակման ավարտից հետո ընդունող բուհը տրամադրում է ուսումնասիրված առարկաները, պարապմունքները, ստացած կրեդիտներն ու գնահատականները հաստատող ակադեմիական տեղեկագիր։ Սովորողն այն ներկայացնում է Կոնսերվատորիայի ուսումնական մաս՝ ուսման արդյունքների ակադեմիական ճանաչման համար։ Ճանաչման փաստաթուղթը պատրաստվում է սովորողի դիմումի և գնահատման թերթիկի հիման վրա։ Շարժունության արդյունքում ստացած կրեդիտները չպետք է գերազանցեն համապատասխան որակավորումն ստանալու համար անհրաժեշտ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության 30 տոկոսը։ Առաջացած առարկայական տարբերությունները սովորողը պարտավոր է լրացնել սահմանված ժամկետներում։

Ուսման վճարի պայմանները

Կոնսերվատորիան սովորողին տեղեկացնում է շարժունության ժամանակահատվածում ուսման վճարի պայմանների մասին։

Հայտարարություններ և տեղեկություն

Միջազգային փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են Կոնսերվատորիայի կայքում և այլ տեղեկատվական հարթակներում։ Մասնակիցների տվյալները ընդունող բուհին ներկայացնում է ԵՊԿ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջազգային ծրագրերի յուրաքանչյուր հայտարարության համար լրացվող տեղեկություն

Կարգը սահմանում է ընդհանուր ընթացակարգը։ Յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի հայտարարության մեջ նպատակահարմար է լրացնել նաև՝
  • ծրագրի և ընդունող բուհի անվանումը, երկիրը,
  • մասնակցելու իրավունք ունեցող մասնագիտություններն ու կրթական աստիճանները,
  • տեղերի քանակը, փոխանակման ժամկետներն ու տևողությունը,
  • ուսուցման լեզուն և ընդունելի լեզվական հավաստագրերը,
  • ֆինանսավորման պայմանները՝ կրթաթոշակ, ճանապարհածախս, կեցություն, ապահովագրություն և ուսման վճար,
  • դիմելու վերջնաժամկետը, փաստաթղթերի ներկայացման եղանակն ու հղումը,
  • մրցույթի և մասնագիտական ունկնդրման մանրամասները,
  • պատասխանատու ստորաբաժանման կոնտակտային տվյալները։