Կացություն

Կոնսերվատորիայի Ուսանողական գիտա-ստեղծագործական ընկերությունն առաջին անգամ մասնակիցների լայն ընդգրկումով իր հայտը ներկայացրեց 1943 թվականին կազմակերպված գիտական-կատարողական կոնֆերանսում: Այդ ժամանակվանից ի վեր ՈՒԳՍԸ-ն մտավ կայուն հունի մեջ, և ուսանողական ամենամյա գիտաժողովները դարձան կոնսերվատորիայի ուսանողական կյանքի յուրօրինակ կենսակերպը: 1950-80-ականներին լայնորեն գործում էին համամիութենական միջբուհական գիտաժողովները, որոնց մասնակիցն էին դառնում միութենական հանրապետությունների կոնսերվատորիաների ներկայացուցիչները: Ներկայումս Երևանի կոնսերվատորիայի ՈւԳՍԸ-ի գիտաժողովներին իրենց մասնակցությունն են բերում հանրապետության արվեստի և մանկավարժական բուհերի ուսանողները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի երաժշտական ուսումնարանների ներկայացուցիչները:
Մասնակիցների հիմնական մասը կազմում են կոնսերվատորիայի երաժշտության տեսության, պատմության, երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնների ուսանողները՝ մասամբ ներգրավելով կատարողական ամբիոնների ուսանողներին: Երևանի կոնսերվատորիայի ՈՒԳՍԸ-ի գիտական ղեկավարները տարբեր տարիների եղել են Գևորգ Բուդաղյանը, Գրիգորի Դոմբաևը, Գեորգի Տիգրանովը, Մարգարիտ Հարությունյանը, Ռոբերտ Աթայանը: ՈՒԳՍԸ Ուսանողական խորհրդի նախագահները եղել են հետագայում լայն ճանաչում ստացած գործիչները՝ Գևորգ Գեոդակյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ: 1968-2019 թվականներին կոնսերվատորիայի Ուսանողական գիտա-ստեղծագործական ընկերության ղեկավարն է Արմեն Բուդաղյանը: ՈՒԳՍԸ-ն փնտրում է ուսանողների հետ համագործակցելու նորանոր ու բազմազան ձևեր:
ՈՒԳՍԸ-ն կազմակերպում էր է օտարերկրյա և հայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների ունկնդրումներ, ֆոլկլորային գիտարշավների ընթացքում հավաքված նյութի ցուցադրումներ և այլն: Երևանի կոնսերվատորիայի ուսանողները բազմիցս արժանացել են Առաջին մրցանակների Համամիութենական և հանրապետական ուսանողական գիտաժողովներին մասնակցելու համար:
Ուսանողական գիտաստեղծագործական ընկերության հյուրերն են եղել մշակույթի ճանաչված գործիչներից շատերը:
1950-80-ական թվականներին պարբերական դարձան երևանցի ուսանողների արտագնա մասնակցությունները նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների գիտաժողովներին: Իր հերթին, Երևանի կոնսերվատորիան հյուրընկալում էր միութենական հանրապետությունների ներկայացուցիչներին: Իրենց բարձր գիտական մակարդակով աչքի ընկան Կոմիտասի, Սպենդիարյանի, Բեթհովենի հոբելյանական տարեդարձերին, հայկական օպերայի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովները:
1950-80-ական թվականներին ՈՒԳՍԸ միջբուհական գիտաժողովների հյուրերին Հայաստանի տեսարժան վայրերի հետ ծանոթացումը գիտաժողովի խիտ ժամանակացույցի պարտադիր մասն էր դարձել։