YSCK Logo

Հրատարակչություն

Հայաստանում 1921 թվականին հիմնադրված առաջին հրատարակչությունը` (Հայպետհրատը) նոտային հրատարակություններն իրականացնում էր Մոսկվայում Հայաստանի մշակույթի տանը կից գործող Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվի (ՄՀԵԿ) հետ համագործակցելով: Նոտաները հրատարակվում էին կրկնակի գրիֆով` Հայպետտհրատի և ՄՀԵԿ-ի: Շարվածքն ու տպագրումն իրականացվում էին մոսկովյան տպարաններում: Խմբագրական կազմում էին Ալեքսանդր Սպենդիարովը, Վասիլի Կորգանովը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը (Երևան), Քրիստափոր Քուշնարյովը (Լենինգրադ), Գևորգ Բուդաղյանը և Մուշեղ Աղայանը (Մոսկվա): 

 

Կոնսերվատորիականների մի քանի սերունդների երազանքը՝ ունենալ սեփական հրատարակչություն, իրականություն դարձավ հետխորհրդային շրջանում։ 

1998 թվականին Կոնսերվատորիայի հովանու ներքո սկսում է լույս տեսնել եռամսյա գիտատեսական, քննադատական-հրապարակախոսական երաժշտական ամսագիրը՝ «Երաժշտական Հայաստան»: Հիմնադիրներ՝ ռեկտոր Արմեն Սմբատյան և գլխավոր խմբագիր՝ Գոհար Շագոյան։ 2004 թվականին Բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հիմնադրվում է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը: Նախաձեռնող հիմնադիրներ՝ ռեկտոր Սերգեյ Սարաջյան և գլխավոր խմբագիր Գոհար Շագոյան: Ամենակարճ ժամկետոում հրատարակչութունը յուրացրեց նոտային և այլ գրականության հրատարակումը: 2005 թվականի դեկտեմբերին լույս տեսավ «Երաժիշտ» բուհական ամենամսյա թերթի առաջին համարը: Նախաձեռնող հիմնադիրներ՝ ռեկտոր Սերգեյ Սարաջյան և գլխավոր խմբագիր Գոհար Շագոյան: Թերթի առաջին գլխավոր խմբագիր Աննա Գևորգյան: 

Հրատարակչության, ամսագրի և թերթի գործունեությամբ վառ դրսևորվեց բուհի նոր ղեկավարության  մտածողությունը նոր հասարակական պայմաններում, որտեղ լայն ասպարեզ էր հատկացվում ստեղծագործական նախաձեռնությանը: Պետական ֆինանսավորման կտրուկ անկման իրավիճակում կոնսերվատորիան իր վրա վերցրեց մշտապես գործող երաժշտական հրատարակչության հոգսերը։

«Երաժշտական Հայաստան» ամսագիր