Գրադարան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ձայնադարանը և Կ. Սարաջևի անվան գրադարանն ու ապահովում են բուհի ուսումնական և գիտահետազոտական գործունեությունը: Գրադարանում է պահվում հանրապետության՝ նոտաների և երաժշտության մասին գրքերի մեծաթիվ հավաքածուն՝ ավելի քան 170 հազար նմուշ։ Ձայնադարանի հարուստ ֆոնդերում ընդգրկված են տարբեր դարաշրջանների և ուղղությունների կոմպոզիտորների հազարավոր ստեղծագործությունների ձայնագրություններ ու տեսագրություններ, կատարողական արվեստի բացառիկ մեկնաբանություններ։
Գրադարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականին հիմնադրված երաժշտական ստուդիայից, որի առաջին գրադարանավարուհին եղել է Հայաստանի պատմության մեջ առաջին կոնսերվատորիայի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի կինը՝ վոկալի դասատու, գերազանց դաշնակահարուհի (այդ տարիներին ունկնդիրները հիշում են հատկապես նրա համերգները մեծանուն Ավետ Գաբրիելյանի հետ), համերգային երգչուհի Արուս Բաբալյանն, ով նաև գործավար էր ու նոտաներ արտագրող։ 1954 թվականից գրադարանը կրում է դիրիժոր, մանկավարժ, կոնսերվատորիայի երկարամյա ռեկտոր, Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական բաժնի հիմնադիր, Երևանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Սարաջևի անունը։ Նրա անձնական հավաքածուն կազմում է գրադարանի ոսկե ֆոնդը։
Գրադարանի աշխատանքի կազմակերպման և զարգացման գործում նշանակալի ներդրում է ունեցել երկարամյա ղեկավար, երաժշտագետ, պրոֆեսոր Ինդա Իոաննիսյանը, որին հետագայում հաջորդել են կոմպոզիտորներ Ծովակ Համբարձումյանը, Ստեփան Սուքիասյանը, կոնտրաբասահար Սերգեյ Մինասյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն մանսագիտացմամբ շրջանավարտ Անի Տոնոյանը։
Ձայնադարանի կայացման գործում կարևոր դեր են ունեցել նրա ղեկավարներ Կարո Քաջունին՝ 1950–1960-ական թվականներին, երաժշտագետ, դոցենտ Նելլի Ավետիսյանը՝ 1970-ական թվականներին, և երաժշտագետ, դոցենտ Վարվառա Հովհաննիսյանը՝ 1980 թվականից։ 2014 թվականին գրադարանն ու ձայնադարանը միավորվել են մեկ ստորաբաժանման մեջ, որը ղեկավարում է երաժշտագետ Վարվառա Հովհաննիսյանը:
Ստորաբաժանման կազմում գործում են՝
- Համալրման, մշակման և գրապահոցի բաժինը, որն ապահովում է գրքային և նոտային ֆոնդերի համալրումը, մատենագիտական մշակումը, քարտագրումը, հաշվառումն ու պահպանումը։
- Սպասարկման բաժինը, որն իրականացնում է ընթերցողների գրանցումը, գրականության տրամադրումը, տեղեկատու աջակցությունը և գրականության շրջանառության վերահսկողությունը։
- Ձայնադարանը, որն ապահովում է ձայնագրությունների և տեսագրությունների հավաքագրումը, մշակումը, համակարգումը, պահպանումն ու սպասարկումը։
Գրադարանից օգտվելու կարգը
Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները։ Այլ բուհերի ներկայացուցիչները կարող են օգտվել գրադարանից՝ տնօրինության թույլտվությամբ։ Հայցորդները սպասարկվում են ընթերցասրահում։
Գրանցվելու և ընթերցողի տոմս ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիր,
- 3 × 4 սմ չափի լուսանկար,
- կարգավիճակը հաստատող տեղեկանք՝ ուսանողների և ասպիրանտների համար՝ դեկանատից, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ կադրերի բաժնից՝ աշխատանքային պայմանագրի տևողության նշումով։
Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի–ուրբաթ՝ 09։30–17։30
ԵՊԿ էլեկտրոնային գրադարան
Վարվառա Հովհաննիսյան
Երաժշտագետ, դոցենտ, ԵՊԿ Ձայնադարանի և Կ. Սարաջևի անվան գրադարանի վարիչ