16
ՍԵՊՏԵՄԲԵՐ
09:30

ԵՊԿ տավիղի մասնագիտական դասարանի ղեկավար Զարուհի Հարությունյանը հրավիրում է անվանի տավղահար Ալեքսանդր Բոլդաչևի վարպետության դասին։ Երաժիշտները հնարավորություն կունենան աշխատել հյուրի հետ, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և փոխանակվել փորձով։
Միջազգային մրցույթների դափնեկիր, Zurich Harp Festival-ի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, World Harp Day միջազգային նախաձեռնության հիմնադիր տավղահար, կոմպոզիտոր, դիրիժոր և պրոդյուսեր Ալեքսանդր Բոլդաչևը դասական երաժշտության ավանդույթները միահյուսում է ռոքի, ջազային իմպրովիզացիայի, կինոերաժշտության և էլեկտրոնային երաժշտության տարրերին։
Ալեքսանդր Բոլդաչևը նաև ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում։ Նա վարպետության դասեր է անցկացրել աշխարհի ավելի քան 50 կրթական հաստատություններում, այդ թվում՝ Juilliard School-ում, Manhattan School of Music-ում, Բոստոնի կոնսերվատորիայում, Շանհայի կոնսերվատորիայում և Ֆերենց Լիստի անվան երաժշտական ակադեմիայում։ Նա դասավանդում և համագործակցում է նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն երաժշտական հաստատությունների հետ։
Ա․ Բոլդաչևը համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 50 երկրում՝ 5 մայրցամաքներում։ Նրա ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի հեղինակավոր բեմեր։ Արվեստագետի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 300 ստեղծագործություն և փոխադրություն տավղի համար։
Ա․ Բոլդաչևը Ցյուրիխի արվեստների համալսարանում (ZHdK) գերազանցությամբ ստացել է մագիստրոսի աստիճան՝ տավղի կատարողական արվեստի, կոմպոզիցիայի և դիրիժորության ուղղություններով։ Նրա մանկավարժներից են եղել անվանի տավղահարներ Կատրին Միշելը և Սառա Օ' Բրայենը։ Նա համագործակցել է մի շարք նշանավոր երաժիշտների և արվեստագետների հետ, այդ թվում՝ Մաքսիմ Վենգերովի, Վադիմ Ռեպինի, Աիդա Գարիֆուլինայի և Սվետլանա Զախարովայի, ինչպես նաև հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ։ 2025 թվականին կայացել է նրա ելույթը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Սեպտեմբերի 16, ժամը 9։30 - 13։00
4-րդ հարկի դահլիճ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Ստեփանյան Մանե
Մամիկոնյան Ադելինա
Քելեգյան Քրիստինե
Ապրեսյան Լաուրա
Յոլյան Էլիդա
Խաչատրյան Նելլի
Մովսիսյան Մերեդիթ
Մելքոնյան Նարե
Մկրտչյան Հասմիկ
Ղազարյան Քրիստինե